Տոկիոյում ոստիկանությունը ձերբակալել է 450 զույգ կանացի կոշիկի գողության մեջ կասկածվող բնակչին:
Իրավապահները հայտնում են, որ գողին սկսել են որոնել, երբ մայրաքաղաքի տարբեր ակումբներից կոշիկների անհետացման մասին ահազանգեր են ստացվել:
Քննությունը ենթադրել է, որ գողը հավանաբար ինչ-որ մոլագարությամբ է տառապում, քանի որ բացառապես բարձրակրունկ կոշիկներ էր գողանում: Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել ենթադրյալ գողին: Նա 29-ամյա Սյո Սատոն է: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ նա խոստովանել է մեղքը՝ հավելելով, որ իրեն հաճույք էր պատճառում գողանալու գործընթացը:
Գողացած իրերը նա պահել է վարձակալած բնակարանում: Խուզարկության ժամանակ 450 զույգ կանացի կոշիկից բացի հայտնաբերվել է նաեւ գողացված կոսմետիկա՝ 550 հազ. իեն արժողությամբ (ավելի քան 5,6 հազ. դոլար):
Այժմ ոստիկանները ճշտում են՝ արդյոք Սատոն չի վաճառել գողացած իրերը, որի համար ավելի խիստ պատիժ է սպառնում, քան կլեպտոմանիայի դեպքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























