Իտալացի ոստիկանները ձերբակալել են Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի արյունը պարունակող անոթի գողության կասկածյալներին: Դրանք երեք թմրամոլներ են, որոնցից երկուսին հաջողվել է բռնել, մեկն ազատության մեջ է:
Գողերը պատմել են, որ անոթն առեւանգել են՝ հետագայում այն որպես մետաղի ջարդոն մաս-մաս վաճառելու համար: Ներսում պարունակվող արժեքի մասին նրանք չնչին գաղափար իսկ չունեին եւ պարզապես դեն էին նետել պապի արյամբ ներծծված կտորը, հայտնում է rosbalt.ua-ն՝ վկայակոչելով Corriere della Sera-ն:
Հիշեցնենք, որ սուրբ մասունքը2014թ. հունվարի 28-ին գողացել էին Իտալիայի կենտրոնական Աբրուցո նահանգի Սան Պիետրո Դելա քաղաքի եկեղեցուց:
Նշենք, որ Հովհաննես Պողոս 2-րդը Հռոմի պապ էր 1978թ. հոկտեմբերի 16-ից մինչեւ 2005թ. ապրիլի 2-ը: Նա ոչ իտալական ծագմամբ առաջին պապն էր՝ վերջին 445 տարվա ընթացքում, սլավոնական ծագմամբ առաջին պապը եւ պատմության ամենաերիտասարդ պապերից մեկը:
Հովհաննես Պողոս 2-րդին սրբերի շարքը դասելու հնարավորության մասին խոսել էին դեռ 2005թ.՝ իր մահվանից մի քանի շաբաթ անց: Այն ժամանակ նախաձեռնող էր հանդես եկել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, որը զբաղեցրել էր Հովհաննես Պողոս 2-րդի տեղը: Տվյալ հարցի վերջնական վճիռը կայացվել էր 2013թ. աշնանը:




























