Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է որոշակի դրամաշնորհներ տրամադրել Վրաստանի բուհերի այն ուսանողներին, ովքեր նախընտրում են հայագիտական թեմաներով ուսումնասիրություններ իրականացնել: Այս մասին ԿԳ նախարարը հայտարարել է Թբիլիսիի պետական համալսարանի պորֆեսորադաս
համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:
Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը հանդիպել է նաեւ Թբիլիսիի պետական համալսարանում սովորող հայ եւ վրացի ուսանողների հետ: Նապարար Արմեն Աշոտյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կրթաթոշակային ծրագրերին, Վրաստանում հայկական դպրոցների վիճակին, հայոց լեզվի ու հայոց պատմության դասաժամերին: Նախարարն ուսանողներին տեղեկացրել է, որ հայ համայնքի խնդիրները եղել են Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թ. Սանիկիձեի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման օրակարգում եւ ներկայացրել է որոշ մանրամասներ այդ հարցերի հետ կապված:
Արմեն Աշոտյանն ու նրա պատվիրակությունը այցելել են նաեւ Իլիայի պետական համալսարան, որտեղ համալսարանի աշխատակազմի ղեկավար Զ. Ջավախիշվիլին եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը ստորագրել են երկու բուհերի միջեւ համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է ուսանողների եւ դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման եւ գիտաժողովների կազմակերպման հեռանկարներ: ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, որպես համաձայնագրից բխող առաջին գործնական քայլ, պատրաստակամություն է հայտնել բուհի կողմից կազմակերպվող ուսանողական ամառային դպրոցում ընդգրկել նաեւ Իլիայի համալսարանի ուսանողներին:




























