Չի կարելի սպասել, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում յուրաքանչյուր միջադեպի արձագանքի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերին:

«Որքան էլ այդ միջադեպերը ողբերգական ու ցավոտ լինեն մեր երկրի համար, ես չեմ կարող ակնկալել, որ ՀԱՊԿ-ն մշտապես հանդես գա հայտարարությամբ: Չէ որ բացի մեզնից ՀԱՊԿ-ում կա եւս 5 անդամ երկիր: Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս սպառիչ պատասխաններ է տվել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ կազմակերպության դիրքորոշման մասին»,-հայտարարեց Բաղդասարյանը:

Նա կրկին հիշեցրել է Ադրբեջանի քաղաքականությունը, որն ինքն է սադրում միջադեպեր սահմանին եւ ինքն էլ մեղադրում է հայկական կողմին: «Այդուհանդերձ, ՀԱՊԿ ղեկավարությունը բազմիցս արտահայտվել է այդ մասին»,-ասաց ԱԱԽ քարտուղարը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ի գիշերը շփման գծում հայ սերժանտ Արմեն հարությունյանը հետ է մղել ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումը, որի ժամանակ հերոսաբար զոհվել է: