Մեծ Բրիտանիայի 468 շրջաններում քամով ուղեկցվող չդադարող հորդառատ անձրեւների պատճառով ջրհեղեղի սպառնալիք է հայտարարվել, հայտնել են շրջակա միջավայրի պահպանության գործակալությունից:

Այսպես, վեց շրջաններում սաստիկ հեղեղումների պատճառով կյանքին սպառնացող վտանգի բարձր աստիճան է հայտարարվել: 174 շրջաններում սպասվում է տարերքի հարված, իսկ 288-ում ջրհեղեղի առաջացման վտանգ կա: Թեեւ  24 շրջաններում հայտարարված սպառնալիքը օդերեւութաբանները չեղյալ են հայտարարել, մասնագետներն առաջիկա ժամերին իրավիճակի զգալի բարելավում չեն կանխատեսում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏՍՍՍ-ը: 

Ըստ օդերեւութաբանների՝ այս հունվարը մեծ Բրիտանիայի հարավային շրջաններում ամենախոնավն էր՝ 1910թ.-ից ի վեր: Հունվարի 1-28-ին Անգլիայի հարավում եւ հարավ-արեւելքի տարբեր շրջաններում 230 մմ տեղումներ են գրանցվել: Բացի դրանից, ներկայիս ձմեռը տվյալ տարածաշրջանում վեցերորդն է՝ պատմության մեջ տեղումների քանակով: Այդ առումով ռեկորդային է համարվում 1915 թ. ձմեռը, երբ երեք ամսվա ընթացքում 437,1 մմ տեղումներ էին գրանցվել:

Ներկայումս Միացյալ թագավորության տարածքի մեծ մասում անձրեւները շարունակվում են՝ լրջորեն խափանելով տրանսպորտային հաղորդակցությունը: Շատ ճանապարհներ փակ են: Օդերեւութաբանները ներկայիս  հեղեղումներն անվանում են  վերջին 20 տարում ամենասաստիկը: