Նվազագույնը 16 մարդ զոհվել է ինդոնեզական Սումատրա կղզում Սինաբունգ հրաբուխի ժայթքման հետեւանքով:
Հաղորդում են, որ փրկարարները 14 անձանց դիակները հայտնաբերել են հրաբխին մոտ գտնվող արեւմտյան գյուղերից մեկում: Նրանց հաջողվել է փրկել երեք մարդու, որոնց այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ նրանցից մեկը՝ 24-ամյա ուսանողը, վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կիրակի որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է եւս մեկ դի:
Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների չեզոքացման ազգային վարչության տվյալներով՝ զոհերի թվում չորս դպրոցականներ են: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ կղզու 14 000 տարհանված բնակիչներ վերադառնում էին իրենց տները: Գրանցվել է 3 ժայթքում, որոնց ժամանակ մոխիրի բարձրությունը կազմել է 2 կմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
«Հրե լեռը» գտնվում է Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաք Մեդանի մոտակայքում, երեք տարի անց կրկին ակտիվացել է անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին: Իշխանությունները ընդարձակել են խառնարանի շրջակայքի արգելված գոտին, եւ տարվա վերջին կղզու 25 000 բնակիչ տարհանվել է: Հունվարի կեսերին հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի:




























