Ոստիկանության աշխատակիցները երեկ՝ փետրվարի 1-ին Բագրատաշենի անցակետից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի Սմբատ Զորավար փողոցի բնակիչ, 30-ամյա Արմեն Հարությունյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս կասկածվում է հունվարի 31-ին Փարաքարի վարչական շրջանում գործող «Էրուս» գիշերային ակումբում խուլիգանական դրդումներով կրակոցներ արձակելու մեջ:

Նախօրեին առավոտյան, Մալաթիա բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգել էին, որ «ձախ ազդրի ներսային եւ դրսային մակերեսային ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ : Հիվանդանոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ 35-ամյա Հարություն Զեյթունյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել նշված գիշերային ակումբից: Հիվանդանոցում սակայն վիրավորը ոչ մի տեղեկություններ չի տվել ոստիկաններին, պատճառաբանելով, որ ոչինչ չի հիշում եւ ի վիճակի չէ խոսելու:

Կրակոցների պատճառը, ըստ կայքի, եղել է անիմաստ վիճաբանությունը եւ Ա. Հարությունյանը խաղատանը հանդիպելով իրեն անծանոթ Հ. Զեյթունյանին սկսել է ծաղրել, թե նրա հագի հագուստը իրեն չի սազում պետք է տա իրեն, ինչն էլ ավարտվել էր քաշքշուկով ու կրակոցներով:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում