Տղամարդուն, ով 16 ամիս նավակով լողում է Խաղաղ օվկիանոսում, փրկել են Մարշալյան կղզիների կազմում մտնող աթոլներից մեկի բնակիչները:

Հաղորդում են, որ նավակը հյուծված մարմնող տղամարդու հետ ափին է մոտեցել: Գործակալության տվյալներով՝ 2012թ.-ի սեպտեմբերին երկու տղամարդ նավակով Մեքսիկայից ուղեւորվել են Սալվադոր: 2014թ.-ի հունվարին նավակը մոտեցել է Մարշալյան կղզիներին, որոնք ենթադրյալ նշանակված կետից գտնվում են մոտ 9000 կմ հեռավորության վրա: Այդ կերպ նավակը հաղթահարել է մոտ 12.5 հազար կմ հեռավորություն:

Ողջ մնացած տղամարդը, ով միայն իսպաներեն է խոսում, հայտնել է, որ իր անունը Խոսե Իվան է:

«Նրա վիճակն այդքան էլ լավ չէ, սակայն գնալով կարգավորվում է»,- գործակալությանը հայտնել է ուսանող Օլա Ֆյելդստադը Նորվեգիայից, ով հետազոտություններ է կատարում Էբոն մարզում: Նա հաղորդել է, որ Իվանի առողջությանը ոչինչ չի սպառնում, նրան այժմ մեծ քանակությամբ ջուր ու սնունդ են տալիս:

«Ինչպես երեւում է, նրա նավակը բավական երկար ժամանակ օվկիանոսում է գտնվել»,- հավելել է Ֆյելդստադը: Նա նաեւ հաղորդել է, որ բաց ծովում Իվանը սնվել է կրիաներով, ձկներով ու թռչուններով, որոնց որսացել է ձեռքերով: Իվանի գործընկերը վախճանվել էր մի քանի ամիս առաջ: Կղզի-պետության արտգործնախարարության ներկայացուցիչները հաղորդել են, որ տղամարդուն շուտով կհասցնեն մայրաքաղաք Մաջուրո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Agence France-Presse-ին: