Թե մանդատից հրաժարումը, թե արդեն կայացրած որոշումը փոխելը որեւէ մեկի կամ որեւէ ուժի դեմ քայլ չէր ու չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով սկզբից հայտարարել էր մանդատը վայր դնելու, այնուհետեւ այդ դիմումը հետ վերցնելու մասին:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված ձեր որոշումը եւ արդյոք կարող ենք եզրակացնել, որ համաձայնել եք ձեր գործընկերների առաջարկին ու կդառնաք խմբակցության ղեկավար, նա այսպես պատասխանեց. «Ինչպես արդեն նշել էի, մանդատը վայր դնելու որոշումից հրաժարվելու մասին հայտարարությանս մեջ, շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել եւ գնահատել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս «Ժառանգություն» խմբակցության համար: Ես իրավունք չունեի ականջալուր չլինել «Ժառանգության» իմ գործընկերների հորդորներին: Հասկացա, որ հրաժարվելու պատճառներս անհամադրելի են հնարավոր հետեւանքների հետ թիմի համար եւ փոխեցի որոշումս»:

Ինչ վերաբերում է որոշման պատճառներին, Թեւան Պողոսյանն ասաց, որ դրա մասին բազմաթիվ վարկածներ է կարդացել` պաշտոն ստանալուց ընդհուպ մինչեւ վախեցնել: «Դրանք իհարկե բոլորն էլ անհեթեթ են եւ իրականության հետ որեւէ կապ չունեն: Ասել եմ, որ պատճառները ներքին բնույթ ունեին, անձնական հարթությունում էին, քաղաքականության հետ չառնչվող եւ չէի ցանկանա հրապարակային քննարկման առարկա դարձնել»: Միեւնույն ժամանակ, պատգամավորը վստահեցնում է, որ մանդատը վայր չդնելու որոշումը ամենեւին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ իր մանդատը բաժին կհասներ «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանին: «Թե մանդատից հրաժարումը, թե արդեն կայացրած որոշումը փոխելը որեւէ մեկի կամ որեւէ ուժի դեմ քայլ չէր ու չէ: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սա փիառ ակցիա չէր, կասեմ, որ իմ կարծիքով ճիշտ հակառակը, սա անտիփիառ էր ինձ համար, ու հիմա հարկ կլինի շատ ավելի ակտիվ աշխատել որպես պատգամավոր` կորցրածը հետ բերելու համար»,- խոստովանեց Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը հայտարարել էր, թե վայր է դնում պատգամավորական մանդատը: Պողոսյանն այդ մասին գրել էր Facebook-ի իր էջում: «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,- նշել էր նա:

Այնուհետեւ նա հայտնել էր, թե ՀՀ ԱԺ նախագահին է  հանձնել գրություն, որով հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը: «Շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաեւ նոր տրամադրվածությամբ»,-գրել է Թեւան Պողոսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am