Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը ուրախացել է օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանի հայտնաբերման լուրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ շատ դրական է գնահատում, որ վերջապես բռնել են Աշոտ Սուքիասյանին եւ դա համարում է իր՝ այդքան ժամանակ խնդիրը բարձրաձայնելու արդյունքը: «Վերջապես ամեն ինչը կպարզվի, կիմանանք ուր է տարել, ում հետ, ինչ է արել, ամեն ինչը իր տեղը կընկնի: Ինքը կատարող է, եթե ինքը սուտ ասի, ես ի՞նչ կարող եմ անել, փաստաթղթեր կան, ինքը կա, մնում է քննությունը պարզի: Ինչքա՞ն պիտի մնար փախած, նա այնքան վախկոտ մարդ է իր էությամբ, նա որ ոստիկան էր տեսնում, վախից վթարի էր ենթարկվում, նա էնքան վախկոտ կնիկ մարդ ա, էնտեղ մարդ չկա»,- նշեց Փայլակ Հայրապետյանը:

Իսկ թե ինչ կտա Աշոտ Սուքիասյանի ձերբակալումը,  վերջինս ասաց, որ եթե նյութական առումով որեւէ բան չտա էլ, ապա գոնե ինքը հանգիստ կլինի, որ նա այլեւս փախուստի մեջ չէ: Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալում  ներգրավված վարչապետին եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանին, Փայլակ Հայրապետյանի փոխանցմամբ, Աշոտ Սուքիասյանը ինչ էլ ասի կամ չասի, որեւէ կապ չունի, «էնտեղ փաստաթուղթը կա. իրենց ստորագրությունները առկա են, այնտեղ փոխել հնարավոր չէ, իրենք առաջին օրինակն են ուզել, ես հարցրել եմ լուրջ իրավաբանից, ասել են առաջին օրինակը օֆշորային գործով տալը բացառվում է»:

Ի դեպ, Փայլակ Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ առայժմ ոստիկանությունից Աշոտ Սուքիասյանի հայտնաբերման մասին իրեն ոչինչ չեն հայտնել, հավանաբար նրա Հայաստան տեղափոխումից հետո իրեն կկանչեն առերեսման եւ այլ քննչական գործողությունների:

Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Նրան հայտնաբերել են Թբիլիսիում,  Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի Հայաստանին արտահանձնման հարցը:

Ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: