Շիրակի մարզի արդեն նախկին փոխոստիկանապետ Վահրամ Ենգորյանի համար անհայտ է իր՝ աշխատանքից ազատման պատճառները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահրամ Ենգորյանը:

Ներկայացնում ենք նախկին ոստիկանապետի հետ մեր փոքրիկ զրույցը:

Պարոն Ենգորյան, լրատվամիջոցները հաղորդում են, որ ձեզ աշխատանքից ազատել են, դուք տեղյա՞կ եք:

Եթե կարդացել ես, ազատել էլ են էլի: Տեղյակ եմ, որ ազատել են, աշխատավայրում եմ, վաղվանից էլ չեմ գա:

Ի՞նչն է պատճառը, որ ազատել են աշխատանքից:

Չգիտեմ, չգիտեմ: Մեր նախարարն է, ինչ-որ որոշում է, ով կարող է բան ասել:

Իսկ մարզային խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ձեր պաշտոնանկության հետ կապված ոչինչ չակնարկե՞ց:

Չէ, նման բան չկա:

Դուք ինչի՞ հետ եք կապում այս պաշտոնանկությունը:

Հեչ բանի հետ չեմ կապում 100 տոկոս:

Չե՞ք կապում Վարդան Ղուկասյանի որդու վերջին միջադեպի եւ դրանից հետո ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի աշխատանքից ազատման հետ:

Չէ, բացարձակ, ոչ մի դեպքում:

Ինչո՞ւմ եք թերացել, որ աշխատանքից ազատել են: Լավ աշխատողին կազատե՞ին;

Հիմի ես լա՞վ աշխատող եմ, թե՞ վատ:

Նեղացա՞ծ չեք նախարարից:

Ոչ մի դեպքում, իմ նախարարն է, ոնց ես կարող եմ նեղանալ իմ նախարարից: Ես իր զինվորն եմ, կադրերի ռեզերվ եմ գնում, ո՞նց նեղանամ իմ նախարարից:

Հիմա ինչո՞վ  եք զբաղվելու:

Կադրերի ռեզերվում կլինեմ, երթամ իմ ազատ կյանքով թոշակի ապրեմ, ի՞նչ պիտի անեմ:

Նշենք, որ Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ենգորյանը աշխատանքից ազատվել է: Նրա պաշտոնանկությունը կապվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի վերջին «դեբոշների» հետ: Հենց դրանից հետո Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, ինչպես նաեւ այցելեց մարզ՝ հրավիրելով խորհրդակցություն, ներկայացնելով նոր ոստիկանապետին եւ հանդես գալով կոշտ գնահատականներով: 

Ինգա Մարտինյան