«Ընդհանուր գործ» հասարակական շարժման համակարգող Ալեքսանդր Դանիլյուկը, որը հայտնվել էր Ուկրաինայի  իրավապահների կողմից հետախուզվող անձանց ցուցակում,  փախել է երկրից եւ արդեն Լոնդոնում է:

«Ցավոք, մայդանն անվտանգ չէ: Դիմակների եւ ընդդիմադիրների անվան տակ քողարկված մայդան են ներխուժել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Իմ ձերբակալման հարցը պետք է լուծվեր մի քանի ժամվա ընթացքում: Նույնիսկ պահակներին չզգուշացնելով` ես փոխեցի հագուստս եւ լքեցի մայդանը», - գրել է ակտիվիստը  իր facebook-ում:

Ըստ նրա` ինքը ոտքով է հատել սահմանը: Սակայն Դանիլյուկը չի նշել, թե որ սահմանը:

«Այսօր վերջապես հասել եմ Լոնդոն: Ստիպված համակարգելու եմ աքսորի մեջ գտնվելով», - սոցցանցի իր էջում գրել է Դանիլյուկը:

Հիշեցնենք, որ Դանիլյուկը նշվում է  որպես մինչդատական քննության  մարմիններից թաքնվող անձ: Դանիլյուկը մեղադրվում է Ուկրաինայի ՔՕ-ի 294 հոդվածի 2-րդ մասով, որը պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ, հայտնում է ՈՒՆՆ-ը: