Հունվարի 31-ին Ներքին Շենգավիթ համայնքի 16-րդ փողոցի տներից մեկում կատարված ավազակային հարձակում կատարողներից մեկի ինքնությունը հայտնի է դարձել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:
Քրեական հետախուզության ծառայության աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործներից մեկը 1984թ. ծնված Շ. Գ.-ն է, որը կարճափող հրացանով հարվածներ էր հասցրել տուժողին: Ոստիկանությունից հայտնել են, որ նրան եւ նրա հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Երեւանի Ներքին Շենգավիթ թաղամասում, հունվարի 31-ի գիշերը, ավազակային հարձակում է տեղի ունեցել: Հայտնի էր դարձել, որ մի խումբ դիմակավորված, փայտե մահակներով ու դանակներով, հրացանով զինված անձինք ներխուժել են 16-րդ փողոցի տներից մեկը, դանակի սպառնալիքով կապկպել տանտիրոջ ձեռքերն ու ոտքերը, նրան ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածներ , պահանջել գումար:
Նրանք հափշտակել էին 800 հազար դրամ եւ դիմել են փախուստի: 57-ամյա տանտիրոջը հայտնաբերել էին տանը՝ կտրած-ծակած վերքերով եւ նրան տեղափոխել հիվանդանոց:




























