Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Վարդան Սեդրակյանի բողոքը, սակայն այն ուղարկել է կողմերին փետրվարի 5-ի թվագրմամբ, այսինքն վաղը չէ մյուս օրը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից։
«Ինչպես եւ սպասվում էր, Վճռաբեկ դատարանը հունվարի 24-ի որոշմամբ վերադարձրել է Վարդան Սեդրակյանի վճռաբեկ բողոքը: Անսպասելի էր, որ այն ուղարկել են կողմերին վաղը չէ մյուս օրը՝ փետրվարի 5-ին: Զավեշտ...»,- հայտնեցին գրասենյակից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 25-ին Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը: Պաշտպանը խնդրում էր Վերաքննիչ քրեական դատարանից բեկանել Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2013թ. սեպտեմբերի 23-ին կայացրած դատավճիռը, որով Սեդրակյանը մեղավոր էր ճանաչվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու համար եւ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։


























