«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Հայոց Ցեղասպանության թանգարանին կնվիրի հայ նկարիչների 5 ստեղծագործություն՝ Հովհաննես Ավետիսյանի, Գրիշա Թորոսյանի, Հրանտ Միրզոյանի, Հարություն Հակոբյանի եւ Տիգրան Բարխանաջյանի աշխատանքները, որոնք ներկայացված են ապրիլի 16-ին բացված՝ Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդեսում եւ հետագայում կցուցադրվեն թանգարանում:
«Ռուսաստանը միշտ ընդունել է հայ ժողովրդի այս ողբերգությունը, որպես իր սեփականը: Որպես ազգային օպերատորի ղեկավար եւ ռուս ազգի ներկայացուցիչ, ես մեծ պարծանքով ընդունեցի „Աշխարհի հայ նկարիչների միության“ առաջարկը՝ սատարելու Ցեղասպանության թանգարանին: Համոզված եմ, որ արվեստի այս հրաշալի գործերը կհարստացնեն Ցեղասպանության թանգարանի ֆոնդը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ իր տարածած ուղերձում:
Նշենք, որ ցուցահանդեսը կանցնի Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ապրիլի 16-27-ը: Այստեղ կներկայացվեն հայ դասական եւ ժամանակակից գեղանկարիչների աշխատանքներ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնին:



























