Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 4-ին շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործով դատական նիստը: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դիմել էր, որպեսզի գործով քննիչ Ալեքսան Ղազարյանը ներկայացնի հունիսի 2-ի հետ կապված բոլոր նյութերը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

«Դատարանը պետք է որոշի՝ հունիսի 2-ի հետ կապված քննիչը նյութերը պետք է ներկայացնի, թե ոչ: Սա այս գործի մի փոքր մասն է միայն»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանը չի ցանկանում կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը. «Ամեն դեպքում ես լավատեսորեն եմ նայում այս հարցին: Քննիչը պետք է բոլոր նյութերը ներկայացնի, չնայած այս գործում շատերն են փորձում կոծկել իրականությունը»:

Դատարանը փետրվարի 5-ին ժամը 17:00-ին կներկայացնի որոշումը:

Հիշեցնենք, որ Բուդաղյանների փաստաբանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել են քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: