«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է բաց նամակներ ուղարկել ընկերություններին՝ հորդորելով չկատարել աշխատակիցների աշխատավարձերից որեւիցե պահումներ կուտակային պարտադիր վճարների փոխանցման նպատակով: Այս անգամ նախաձեռնությունը դիմել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը: Այս մասին ասվում է նախաձեռնության կայքում:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգարժան պարոն Յիրիկյան, ամիսներ առաջ Դուք պաշտոնապես հայտարարեցիք, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կփոխհատուցի իր աշխատակիցների նոր ֆինանսական բեռը` կապված պարտադրված նոր կենսաթոշակային համակարգի հետ: Միեւնույն ժամանակ Դուք հայտնել էիք Ձեր մտահոգությունը տվյալ համակարգի բացասական ազդեցությունների վերաբերյալ եւ առաջարկել, որ համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչի վերաբերյալ համապատասխան գրություն էիք ներկայացրել ՀՀ կառավարություն: Այժմ, երբ մինչեւ դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը հնարավորություն է ընձեռնվում, որպես գործատու, առանց որեւէ պատասխանատվության ենթարկվելու վտանգի, չկատարել կուտակային վճարները»:

«Դեմ եմ»-ը համոզված է, որ բջջային օպերատորը, կատարելով կենսաթոշակային վճարումներ, կնպաստի այս հակասահմանադրական եւ հակասոցիալական համակարգի կայացման:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր նաեւ Ֆինանսների նախարարին, Կենտրոնական բանկի նախագահին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ պահանջելով անհապաղ որոշում կայացնել էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձեւից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռեւս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»: Բացի դրանից՝ նախաձեռնությունն արդեն ավելի քան 230 անհատական նամակ է ուղարկել տարբեր կազմակերպությունների: