Զանգու գետը միանգամից մեծ քանակությամբ թունավոր նյութեր են լցվել, որն էլ պատճառ է եղել մոտ 40 ձկների սատկելուն եւ ափ դուրս գալուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Հստակ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ մեծ քանակությամբ թափոն է լցվել գետը, աղտոտվել ու ձկները դրանից են սատկել»,- ասաց նա:
Բնապահպանի խոսքով՝ վերջին 30 տարիների ընթացքում նման բան տեղի չէր ունեցել. «Մեկ էլ 80-ականների սկզբին Սեւանա լճում ձկներ սատկեցին: Այդ ժամանակ այդպես էլ չպարզեցին՝ պատճառը որն էր: Բայց ես համոզված եմ, որ ինչ-որ պոչամբար իր թափոնը բացել էր լճի վրա»:
Զանգու գետի աղտոտվածության մասին բնապահպանները միշտ էլ բարձրաձայնում են:
«Նույնիսկ մեր գրքում այդ մասին հիշատակեցինք, գիրքը նվիրեցինք պատկան մարմիններին բայց ինչպես տեսնում եք՝ արձագանք չկա»:
Կարինե Դանիելյանը պատրաստվում է քաղաքապետարանում ձկների անկման այս դեպքի մասին բարձրաձայնել եւ անհրաժեշտության դեպքում նիստ հրավիրել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 4-ին, ժամը 18.13-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջից մինչեւ «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում, ձկները անկել են եւ ափ են դուրս եկել: Դեպքի վայր էր մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Գետի երկայնքով նկատվել են մոտ 40 անկած ձկներ:


























