«Զվարթնոց» օդանավակայանում այսօր՝ փետրվարի 4-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ 28-ամյա Ժիրայր Բաղրիկյանին առանց պատճառաբանության թույլ չեն տվել մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայրի հորաքրոջ որդին՝ Ազատանի ավագանու անդամ Գեւորգ Աբրահամյանը:

«Էսօր առավոտյան 11-ին ռեգիստրացիան էր, պասպորտը նայել են, գցել համակարգիչ ու առանց որեւէ պատճառաբանման արգելել մեկնել Ռուսաստան: Չեմ հասկանում՝ էս ինչ ա կատարվում»,- ասաց Գեւորգը:

Նրա խոսքով՝ Ժիրայրն արդեն մի քանի տարի աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստան էր եկել անցած տարվա նոյեմբերին:

«Մի տարվա աշխատանքային թույլտվություն ունի, վիզան հունվարի սկզբին էր խփել, տոմսն էլ СибирАвия-ից շեֆն էր առել, ուղարկել: Տարանք, որ ճամփենք, էն էլ պարզվեց, որ չեն թողնում, դաժը բեռը չեն նայել»,- ասաց նա:

Օդանավակայանից Ժիրայրին խորհուրդ են տվել դիմել ՌԴ դեսպանատուն, որը սակայն Գեւորգի ասելով ժամանակատար է. «Զանգել ենք Յակուտսկ, էնտեղից ճշտել են ու ասում են, որ Ժիրայրը ոչ մի խնդիր էլ չունի, բոլոր թղթերը նորմալ են, բայց դե Զվարթնոցում էլ չեն թողնում: Մարդ չի հասկանում՝ ինչ են ուզում»:

Գեւորգի խոսքով՝ Ժիրայրը միակը չէ, ում թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան. «Մեր մոտ սաղ գժված են, ասում են՝ մենք էլ ռուսին էստեղ կնեղենք, տեսնենք՝ իրանց դուրը կգա. էստեղ ռուսները շատ են»:

NEWS.am-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հայտնեց, որ նման բան հնարավոր չէ: