Փետրվարի 4-ին Երեւանի թիվ 139 դպրոցի Ռազմագիտության ուսուցիչ, մայոր Գրիգորյանի կողմից՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանին ծեծի ենթարկվելու մասին մամուլի հրապարակումներից հետո ոստիկաններն այցելել են Շահեն Հարությունյանի տուն եւ նրան տարել ոստիկանություն հարցաքննության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:
«Շահենը ֆուտբոլի պարապմունքի էր, զանգեցի նրան, եկավ տուն ու գնացինք բաժին: Շահենը բանավոր պատմեց եղելությունը, ամենայն մանրամասնությամբ: Բայց ոչինչ չի գրել դեռ»,- ասաց Շահեն Հարությունյանի մայրը:
Տիկին Ռուզաննայի խոսքով, ուսուցչին նույնպես հարցաքննել են, սակայն դեռ տեղյակ չեն, թե նա ինչ է պատմել. «Շահենը ասաց, որ իր հարվածները եղել են ինքնապաշտպանական: Դեռ չգիտենք, թե ինչ է պատմել մայորը, բայց Շահենը ասաց, որ իրենց դասասենյակում տեսախցիկներ կան դրված, եւ եթե դրանք միացրած են եղել այդ ժամանակ, ապա միջադեպը տեսանկարահանված կլինի»:
Ռուզաննա Բադալյանը պատմեց, որ ոստիկանությունից որդուն ուղարկել են դատաբժշկական փորձաքննության. «Այսօր պետք է գնա այդ փորձաքննությանը, որից հետո էլ ես կգնամ դպրոց տնօրենի մոտ: Շահենի ընկերները արդեն գնացել են տնօրենի մոտ եւ պատմել երեկվա միջադեպի մասին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Շահեն Հարությունյանը պատմել էր, որ իր եւ ուսուցչի հետ հարաբերությունները վաղուց են լարված, եւ նա բազմիցս անձնական վիրավորանքներ է հասցրել իրեն։ «Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ՝ ասելով, որ ես ոչխար եմ, անարժան և սրիկա, սպառնաց, որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար, բայց ես չպատասխանեցի՝ մտածելով, որ սխալ եմ, չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել: Անցավ: Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Ես խնդրեցի չվիրավորել: Ասեց՝ հիմա տանեմ, սենյակում քեզ ծեծե՞մ, թե գնանք տնօրենի մոտ: Ասեցի՝ չեք կարա ծեծեք ինձ, ասեց՝ գնում ենք տնօրենի մոտ»,- պատմել էր Շահենը։ Տնօրենը զբաղված է եղել, ուսուցիչն ու Շահենը վերադարձել են դասարան, որտեղ, Շահենի խոսքով, մայորը շարունակել է վիրավորել իրեն։ Շահենը զգուշացրել է, որ եթե շարունակի դիպչել իր արժանապատվությանը, ինքը կխփի, չնայած դրան՝ ուսուցիչը չի հանգստացել եւ հարվածել է Շահենի կրծքին։ Ի պատասխան, Շահենը ոտքով հարվածել է նրան. «Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի, սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Փորձեց իմ հետեւից վազել, աշակերտները միջամտեցին ու թույլ չտվեցին»։




























