Անգլիայի Սոմերսեթ շրջանում տանը մենակ մնացած 4-ամյա շունը կրծել է տիրոջ 80 հազար ֆունտ արժողությամբ «Աստոն Մարտին» մակնիշի մեքենայի անիվի վերևի կամարը ու նրան 3000 ֆունտի վնաս պատճառել:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, շան տերը` Ռոյստոն Գրիմսթեդը, դեռ դեպքից առաջ որոշել էր Լյուսի համար նոր տեր գտնել, քանի որ շունը հաշտ չէր իր մյուս շան հետ, բայց երբ վերադարձել է տուն ու տեսել, թե Լյուսն ինչ է արել, համբերության բաժակը լցվել է։

«Երբ եկա տուն, Լյուսն ամբողջությամբ պատված էր սպիտակ նյութով: Մտածեցի, որ նա թռչուն է բռնել և դրանք թռչնի փետուրներն են, սակայն պարզվեց, որ մեքենայիս ապակյա մանրաթելերն են»,- ասել է Ռոյստոն Գրիմսթեդը:

Նա նաև նշել է, որ Լյուսը հանգիստ շուն է և առաջ երբեք նման բան չէր արել:

Ռոյստոնը Լյուսին արդեն հանձնել է նոր տերերի, սակայն նրա թանկարժեք չարաճճիության մասին նոր տերերը ոչինչ չգիտեն:

«Համոզված եմ, որ եթե նրանք իմանան այդ մասին, Լյուսը կրկին կհայտնվի իմ տանը»,- ասել է Ռոյստոն Գրիմսթեդ: