Դաղստանում ոչնչացվել է «կադարական» հանցախմբի Միրզաեւ ազգանունով պարագլուխը, որը, նախնական տվյալներով, պատասխանատու է Վոլգոգրադի ահաբեկչությունների իրագործման նպատակով մահապարտներ ուղարկելու համար: Այս մասին փետրվարի 5-ին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետոթւյան իրավապահ մարմինները:

Հատուկ գործողությունն անցկացվել է փետրվարի 5-ին՝ Իզբերբաշ քաղաքում: Գրոհայինների խումբը բնակելի տանը շրջափակման մեջ է հայտնվել: Նրանցից մեկը հանձնվել է, մնացածները կրակ են բացել եւ սպանվել:

Հաղորդվում է, որ 30-ամյա Ջամալդին Միրզաեւից բացի տանը եւս երեք գրոհայիններ կային: Նրանցից մեկի անունը Յուսուպ Յախյաեւ էր (նա սպանվածների շարքում է):

Հիշեցնենք, 2013թ. դեկտեմբերի 29-ին եւ 30-ին Վոլգոգրադում երկու ահաբեկչություն էր տեղի ունեցել: Մահապարտներից մեկն իրեն պայթեցրել էր երկաթգծային կայարանում, մյուսը՝ քաղաքային տրոլեյբուսում: Պայթյունների հետեւանքով զոհվել էր 34 մարդ, 70 մարդ՝ վիրավորվել: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էին  «Անսար ալ Սուննա» եւ «Վիլայեթ Դաղստան» կ խմբավորումները:

2013 թ. հուլիսին կովկասյան հանցախմբի առաջնորդ Դոքու Ումարովը չեղյալ էր հայտարարել ՌԴ-ի տարածքում ահաբեկչական հարձակումների սառեցումը, մեկնաբանելով, որ ահաբեկչությունները պետք են Սոչիի օլիմպիադան տապալելու համար: