Հայաստանի եւ Իտալիայի ոստիկանական կառույցների փոխհարաբերությունները նոր որակ կստանան, եւ գործընկերության ցանկությունն ու ներուժը երկուստեք կօգտագործվեն ավելի սերտ փոխգործակցության համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշելով, որ գործում է համագործակցության համաձայնագիրը եւ աշխատանքային շփումներ կան Ինտերպոլի միջոցով՝ Վլադիմիր Գասպարյանը կարեւորել է ոստիկանական կառույցների գործընկերությունն ուղղակի եւ առարկայական դարձնելու խնդիրը՝ մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հակազդումը թրաֆիքինգին եւ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, հետախուզվող անձանց որոնումը, ժամանակակից քրեագիտական սարքավորումների ու հատուկ միջոցների ձեռքբերումը, ոստիկանական արդի մեթոդաբանության ուսումնասիրությունը եւ այլն:
Ջովաննի Ռիչուլլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ Իտալիայի եւ Հայաստանի ոստիկանական մարմինների առավել ընդգրկուն ու գործնական համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




























