Ամերիկյան Boeing-ը Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կվճարի 600 միլիոն դոլար տուգանք՝ B737 Peace Eagle օդանավի առաքման զգալի ձգձգումների պատճառով: Թուրք զինվորականները պատվիրված օդանավերը պետք է ստանային դեռեւս 2007թ.:
Թուրքիան2000թ. ձեռք էր բերել Peace Eagle չորս օդանավ: Գործարքի գինը կազմել էր 1,5 միլիարդ դոլար: Առաջին թռչող ռադարը թուրք զինվորականները ստացել են միայն 2014 թ. հունվարին, իսկ նրա ընդունումը սպառազինություն նախատեսված է փետրվարի 21-ին:
Նշվում է, որ յոթ տարվա ձգձգումների պատճառը տեխնիկական անսարքություններն են եղել, որոնք ծագել են օդանավերը հավաքելու եւ փորձարկելու ժամանակ: Սպասվում է, որ երկրորդ օդանավը Թուրքիային է հանձնվելու ընթացիկ տարվա կեսին՝ ամառային փորձարկումների ավարտից հետո, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Jane's-ը:
Մինչդեռ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար Peace Eye օդանավերի մատակարարման զգալի ձգձգումների պատճառով թուրքական կառավարությունը ստիպված էր մեղմացնել իսրայելական արտադրության ռադիոէլեկտրոնային համակարգեր գնելու արգելքը: 2010թ. Թուրքիան Իսրայելի Elta Systems ընկերությունից ռադիոէլեկտրոնային մի քանի համակարգեր էր ձեռք բերել:




























