Հայաստանի խորհրդարանում, այսօր՝ փետրվարի 5-ին, գազի սակագնի շուրջ քննարկումների ժամանակ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դժգոհությամբ նշել է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իրենից մի տեղեկանքից հետո մյուսն է ուզում:

«Մենք հո դատախազությունում չենք: Եկեք մնանք փոխադարձ հարգանքի շրջանակներում: Ես պատրաստ եմ ներկայացնել ցանկացած ձեզ հետաքրքրող տեղեկանք, ցանկացած փաստաթուղթ: խոստանում եմ, որ եթե ինչ-որ բան պակաս լինի, ես պատրաստ եմ գալ եւ ներողություն խնդրել ձեզնից»,-ասել է Նազարյանը:

Զուրաբյանի առարկությանը, որ ցանկացած փաստաթուղթ պետք է հասանելի լինի խորհրդարանին՝ պահանջի դեպքում՝, Նազարյանը պատասխանել է. «Իսկ ես որտեղից իմանամ, թե դուք ինչ եք ուզում: Ողջ արխիվն ուղարկեմ այս սենյա՞կ: Իսկ ինչո՞ւ դուք չեք ուզում մի անգամ այցելել մեզ մոտ եւ ամեն ինչ պարզել: Եթե պետք լինի, ես էլ կգամ, ես հպարտ չեմ: Ես շատ բան եմ տեսել եւ կյանքս մոտենում է մայրամուտին, եւ պաշտոնի ծարավ չեմ»,-վստահեցրել է Նազարյանը:

«Ներողություն, այլեւս այդպես չեմ արտահայտվի»,-հայտարարել է նա՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: