Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) բջջային հեռախոսներ եւ լիցքավորող սարքեր փոխադրելու ժամանակ դրանց միջից հայտնաբերված «Բուպրենորֆին» եւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հաստատվել է, որ 2013թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Ա.-ն, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Ա. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երեւան քաղաքի խորտկարաններից մեկի հարեւանությամբ գործող մթերային խանութի մոտ, քաղաքացու կողմից իրեն հանձնված երկու բջջային հեռախոսը եւ մեկ լիցքավորիչ սարքը նույն հիմնարկի կրտսեր մասնագետ Ա.Կ.-ին գաղտնի փոխանցելու համար ստացել է կանխիկ գումար:
Նույն օրը Տ. Ա.-ն, հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը հագուստի գրպաններում, մուտք է գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում նրա մոտից հայտնաբերվել են հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




























