«Խորհրդարանական չորս խմբակցություններ, որ կառավարող կոալիցիայի անդամ չեն, դիմելու են Սահմանադրական դատարան, մենք նախաձեռնությունը կես ճանապարհին չենք թողնի»: Այդ մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով գազի պարտքերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:

Խոսելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կողմից հնչեցրած՝ կառավարությանն անվստահություն հայտնելու անհրաժեշտության նախաձեռնության վերաբերյալ, Ռուստամյանը նկատել է, որ այստեղ բովանդակային առումով խնդիրներ կան. «Մենք դեմ չենք բուն գաղափարին, քանի որ ինքներս էլ երկու անգամ բարձրացրել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ձեւականորեն նրա կազմը իբր փոխվել է: Մենք պարզապես զերծ ենք մնում գաղափարի մշտական կրկնությունից, քանի որ, կրկնվեմ, մենք դրանից ուժեղ չենք դառնում: Եթե արծարծենք այդ հարցը, կարծում եմ, պետք է փոխել կոնտեքստը»,- նշել է Ռուստամյանը: Նա նաեւ հավելել է, որ խմբակցությունը նման առաջարկ ստացել է, սակայն հարցը պետք է քննարկել: