Ռուսաստանում աշխատանքային ժամանակավոր միգրանտների գործունեության կարգավորման քաղաքականությունը Հայաստանի համար կարող է դրական կողմեր ունենալ, փետրվարի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ՌԴ նոր միգրացիոն քաղաքականությանը:

Նա նշել է, որ մի կողմից, նոր միգրացիոն քաղաքականությունը դրական կողմ ունի, «քանի որ մարդիկ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ, եւ, հնարավոր է, աշխատանք կգտնեն»: Միաժամանակ բացասական կողմ կարող է լինել կոռուպցիոն ռիսկերի աճը:

Հիշեցնենք, որ 2014թ. սկզբից Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմից օգտվող պետությունների քաղաքացիները ՌԴ տարածքում կարող են մնալ 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրը մեկ: Տվյալ փոփոխությունը պայմանավորված է «ՌԴ-ից ելքի եւ ՌԴ մուտքի մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքների ուժի մեջ մտնելով: Դա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները 90 օրը լրանալուց հետո չեն կարող ՌԴ-ից դուրս գալ եւ անմիջապես վերադառնալ, ինչպես նախկինում: Խախտողներին երեք տարվա ընթացքում կարգելվի մուտքը ՌԴ-ի տարածք:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am