Հայաստանիպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 5-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը եւ դրանից բխող հետեւանքները:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին եւ մինչ այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ կարեւորել է նման դեպքերի հասցեագրված գնահատումը: Այդ առումով ՀՀ պաշտպանության նախարարը համանախագահներին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները եւ համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար:

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է նաեւ, որ ս.թ. հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ)  եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր եւ իրականացվում է հետաքննություն: