Ադրբեջանցի զինծառայողների կողմից հունվարի 20-ի գիշերը նախաձեռնած դիվերսիոն փորձից հետո շփման գծում որոշակի լարվածություն կա. ադրբեջանական կողմից կրակոցների ինտենսիվությունը ավելացել է հինգ-վեց անգամ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի այն հարցին, որ տեղեկատվություն է շրջանառում, որի համաձան երկիրը ձեռք է բերել անվտանգության նոր համակարգեր՝ կապված շփման գծում անհանգիստ իրավիճակի հետ:
«Մեր հարեւանները մտավախություն ունեին, որ այդ միջադեպից հետո պատասխան կստանան՝ չգիտակցելով, որ զոհված Արմեն Հովհաննիսյանը ու մյուս զինծառայողները արդեն արժանի պատասխան տվել էին նրանց»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ լարվածությունը դրսեւորվել է ոչ միայն ադրբեջանական կողմից հրաձգություններով, այլեւ գիշերը անվադողեր վառելով, հրթիռային կրակոցներով ու անօդաչու սարքերի կիրառմամբ: Նա միաժամանակ նշել է, որ անհանգստանալու պատճառներ չկան. «Նման դեպքերում անհրաժեշտության դեպքում այլ բան չի մնում անելու, քան պատասխան տալը: Մենք շարունակում ենք այդ քաղաքականությունը»:
Անդրադառնալով ռազմատեխնիկական համագործակցությանը՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ 2010-ին Հայաստանի ու Ռուսաստանի ՊՆ-ների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն՝ անվտանգության ապահովումը նոր մակարդակի է հասցվել:




























