Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 5-ին կասեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործի քննությունը, մինչեւ քննիչ Ալեքսան Ղազարյանը կներկայացնի հունիսի 2-ին առնչվող բոլոր նյութերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

«Դատարանը կասեցրեց քննությունը, մինչեւ քննիչը կներկայացնի բոլոր նյութերը, բայց քննիչին էլ չպարտավորեց ներկայացնել: Անորոշ վիճակում հայտնվեցինք»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի խոսքով՝ հիմա իրենք կախման մեջ են քննիչից. «Լրիվ ընկանք քննիչի ենթակայության տակ, բայց ոչ մի օր չենք սպասելու: Հո մենք իր գերին չենք»:

Փաստաբանը համոզված է, որ վաղ թե ուշ քննիչ Ալեքսան Ղազարյանը կներկայացնի գործին առնչվող նյութերը:

«Չեմ կասկածում, որ արդարությունը մի օր կհաղթի: Մենք օրինական, բայց ոչ ստանդարտ քայլեր ենք ձեռնարկել. անակնկալներ ենք նախապատրաստել այն բոլոր մարդկանց համար, ովքեր փորձում են փակել այս գործը»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել են քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: