Թուրքիայում «Մեծ կաշառքի» գործով կալանավորված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի նախկին ընկերուհուն՝ ադրբեջանցի Գյունել Զեյնալովան թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տարիներ առաջ Ռեզա Զարրաբը հեռացել էր Գյունել Զեյնալովայից եւ ամուսնացել թուրք երգչուհի Էբրու Գյունդեշի հետ։ Դրանից հետո Զարրաբը դիմել էր դատախազություն՝ պնդելով, որ նախկին ընկերուհին իրեն սպառնացել է սպանել։

Թեեւ Զեյնալովան պնդել է, թե ինքը չի սպառնացել Զարրաբին, դատարանը նրան մեղավոր է համարել եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման։

Նշենք, որ Ռեզա Զարրաբը մեղադրվում է խոշոր չափի մաքսանենգությունների եւ խոշոր չափերի կաշառքներ տալու մեջ։ Նշվում է, թե միայն գումարների փոխանցման համար մի քաղաքական գործչի վճարել է 103 մլն լիրա կաշառք, իսկ բանկի գլխավոր կառավարչին՝ 16 մլն։

Ռեզա Զարրաբը ձերբակալվել է 2013-ի  դեկտեմբերի 17-ին եւ այս պահին գտնվում է կալանքի տակ։