«Փոսի թատրոնի» շենքում երեկ արգելվել է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Ընտրություն» ֆիլմի ցուցադրությունը, եւ մի քանի տասնյակ մարդիկ չեն կարողացել նախապես նշանակված ժամին մտնել թատրոնի տարածք եւ դիտել ֆիլմը:

Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը, ի պատասխան հեղինակի բողոքի, հայտարարել է, թե արգելողն ինքը չէ, այլ Կրթության եւ գիտության նախարարությունը:

Պասկեւիչյանը հանդիպել է ԿԳՆ-ի ռազմամարզական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Այվազյանին։ Վերջինս պատճառաբանել է, թե ըստ գործող կանոնադրության՝ «հանրակրթական ուսումնական հաստատություններում չեն թույլատրվում քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը»: Պասկեւիչյանի բացատրությունները, որ խոսքը միայն վավերագրական ֆիլմի ցուցադրության մասին, եւ որեւէ կազմակերպություն չի ստեղծվելու եւ չի գործելու, չեն բավարարել ԿԳՆ պաշտոնյային:

Շենքի մոտ հավաքված մարդիկ, որ տեւական ժամանակ կանգնած էին մնացել փակ դռների առջեւ, բավական զայրացած նշում էին, որ «սա իշխանությունների ահաբեկվածության հերթական դրսեւորումն է»: Նշենք, որ «Ընտրություն» ֆիլմը պատմում է 2008թ. ընտրությունների, նախընտրական եւ հետաընտրական գործընթացների մասին: