ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Կարլսբադ քաղաքից ոչ հեռու գտնվող միջուկային թափոնների պահեստարանում հրդեհ է բռնկվել: Պահեստարանի աշխատակիցները տարհանվել են: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հայտարարությունը:
Հաղորդվում է, որ բռնկումը տեղի էր ունեցել միջուկային թափոնների գերեզմանատան Waste Isolation Pilot Plant-ի(WIPP) բաժանմունքներից մեկում՝ տեղի ժամանակով 11:00-ին: Նշվում է, որ բռնկման պահին միջուկային թափոններ մոտակայքում չեն եղել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները:
Հրդեհի հետեւանքով թափոնները հորելու բոլոր աշխատանքները դադարեցվել են, իսկ ողջ անձնակազմը անմիջապես տարհանվել է: Մի քանի աշխատակիցներ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Պահեստարանը գտնվում է 600 մ խորությունում եւ օգտագործվում լաբորատորիաներից ու միջուկային զենք արտադրող ձեռնարկություններից ստացված թափոնները թաղելու համար:




























