Նոր Նորքի 9-րդ զանգվածից Շենգավիթ վարչական շրջանի Ծերեթելի փողոց հասնող 63 համարի ավտոբուսի վարորդներին արդեն մի քանի օր թույլ չեն տալիս սպասարկել Օպերա, Մաշտոցի պողոտա հատվածները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:
«Սկզբում ասացին, որ պրոսպեկտ, օպերայով չգնանք, բայց Խանջյանով կարանք հանգիստ քշենք: Էսօր առավոտ էլ, թե 3-րդ մաս, Ծերեթելի էլ չենք թողնում: Չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում»,- ասաց նա:
Երթուղին փոխվել է փետրվարի 3-ին, սակայն ուղեւորներին այս մասին չի զգուշացվում: Ավտոբուսում այսօր էլ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր տեղյակ չեն երթուղու փոփոխության մասին:
Ուղեւորների զարմացած հարցին՝ «բա պրոսպե՞կտ չեք գնում», վարորդները պատասխանում են. «մեզ սաղ գծերից հանում են, վերեւից են հրամայել»:
Այսօր՝ փետրվարի 6-ին NEWS.am-ի թղթակցին ավտոբուսում մի կին, որը քաղաքին լրիվ անծանոթ էր, հարցրեց. «աղջիկ ջան, օպերա բա չի գնո՞ւմ սա: բա հիմա ի՞նչ անեմ: Տղա ջան, (շրջվեց դեպի վարորդը-հեղ.) էստեղից ո՞նց հասնեմ օպերա»: Վարորդն էլ նորից նույն պատասխանը տվեց. «Հենց հիմա համարը տամ, զանգեք քաղաքապետարանի թեժ գիծ, հարցրեք, թե ինչի մեզ չեն թողնում հանգիստ աշխատել»: Կինը ստիպված էր Տիգրան Մեծ պողոտայում իջնել եւ նորից հետ գնալ արդեն այլ երթուղայինով:
NEWS.am-ի հետ զրույցում վարորդները պատմեցին նաեւ, որ այսօր վերջին օրն է, որ երթեւեկում են այս երթուղով:
«Մասիվից իջնելու ենք միանգամից Սեւանի փողոց»,- ասաց նրանցից մեկը:
NEWS.am-ը այս հարցի վերաբերյալ գրավոր նամակ էր ուղարկել քաղաքապետարանին: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի խոսքով՝ նամակն ուղարկվել է Տրանսպորտի վարչություն պետ Հենրիկ Նավասարդյանին, որն էլ խոստացել է պարզել, թե ինչ խնդիր կա այդ երթուղու հետ:
Նշենք, որ 63 համարի երթուղային գիծը շահագործվել է ընդամենը մի քանի ամիս առաջ: «Բոգդան» մակնիշի դեղին ավտոբուսները երթեւեկում են հետեւյալ փողոցներով. Նոր Նորքի 9-րդ զ-ծ - Վիլնյուսի - Ավետիսյան - Դ. Բեկի - Բ. Մուրադյան փող-ներ - Գայի - Մյասնիկյան պող-ներ - Աբովյան պուրակ - Աբովյան - Մոսկովյան փող-ներ - Մաշտոցի պող. - Ամիրյան փող. - Հանրապետության հրապ. - Տիգրան Մեծի պող. - Քրիստափորի փող. - Արշակունյաց պող. - Գ. Նժդեհի փող. - Գ. Նժդեհի հրապ. - Բագրատունյաց պող. - «Երեւան» բժշկական կենտրոն:




























