«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը («Շերիֆը») առողջական խնդիրներ ունի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ Գրիգոր Գրիգորյանը գտնվում է Հայաստանում, բայց նիստերի չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով: «Չգիտեմ, ինչքանով է լուրջ, գիտեմ, որ առողջական խնդիրներ ունի, երկուշաբթի եկել էր նիստի, ինքը ասաց, որ լավ չի զգում»,- նշեց Աբրահամ Մանուկյանը:
Նա բացառեց Շերիֆի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում աչքի ընկած ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, հնարավոր է առաջիկայում հրաժարվի մանդատից։
«Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Երեկ ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Եթե երեք օրվա ընթացքում նա հետ չվերցնի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված։ Գրիգորյանին սույն հանձնաժողովում փոխարինելու է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը»,-գրել է թերթը։




























