Սերժ Սարգսյանի պաշտոնավորման ժամանակ նորմալ է ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը` անդրադառնալով Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճին:

«Ինչպես որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում բնական եւ ընդունելի էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումը, այնպես էլ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում նորմալ է Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը»,- ասաց նա:

Իշխան Խաչատրյանի խոսքով՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հստակ կարող է պատասխանել միայն Ռոբերտ Քոչարյանը:  Հարցին, թե հնարավոր է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխարինվի, Իշխան Խաչատրյանը պատասխանեց. «Շարմազանովն այդ հարցին երեկ արդեն պատասխանել է»:

Նշենք, որ փետրվարի 5-ին Հանրապետական կուսակցության գործադիր նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ում երբեք վարչապետի և կառավարության հրաժարականի հարց չի քննարկվել: «Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այդ հրաժարականով, խորհուրդ կտամ սառը ջուր խմել և հանգիստ քնել: Պարոն վարչապետը որեւէ կապ չունի այդ շինծու, մտացածին փաստի հետ»,- ասել էր Շարմազանովը:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի հարցազրույցներով քննադատել էր Հայաստանի գործող կառավարությանը: