Քանի որ գազային պարտավորությունների հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը չորս խմբակցություններից է բխում, ապա կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը  պետք է քննարկեն չորս խմբակցությունները:

Այս մասին խորհրդարանում փետրվարի 6-ին լրագրողներին ասել  է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով իշխող կոալիցիայի մեջ չմտնող խորհրդարանական չորս ուժերի հետագա քայլերը:

«Մենք սկզբունք ունենք՝ ձեւավորել փոխզիջման վրա հիմնված օրակարգ: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ խորհրդարանական չորս խմբակցությունների ուժերի ներկայացուցիչների հերթական հանդիպման ընթացքում կանդրադառնանք նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի անհրաժեշտությանը», - նշել է Հակոբյանը: Ըստ նրա՝ նշված ուժերի միջեւ պայմանավորվածություն կա չարտահայտել առանձին տեսակետեր այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ դեռ համաձայնություն ձեռք չի բերվել:

Հիշեցնենք, որ ՀԱԿ  խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր կառավարությանն անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել էր, որ այդ հարցը բարձրացնելով՝ անհրաժեշտ է հստակեցնել համատեքստը: