Ամերիկյան Թեքսաս նահանգում մահապատժի են ենթարկել Սյուզան Բասոյին, որը մեղավոր է ճանաչվել հաշմանդամ փեսացուի սպանության մեջ:

Հաղորդվում է, որ 59-ամյա Բասոն 1976 թվականից հետո (երբ հանվեց մահապատժի իրագործման արգելքը) ԱՄՆ տարածքում մահապատժի ենթարկված 14-րդ կինն է: Նրա դատավճիռը կայացվել էր 1998 թվականին:

Կինը ամուսնանալու պատրվակով Նյու Ջերսիի 59-ամյա բնակիչ Լուիս «Բադդի» Մուսոյին, համոզել է տեղափոխվել իր մոտ՝ Թեքսաս: Տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ անց Մուսոյի մարմինը հայտնաբերվել է Հյուսթոնի արվարձանում: Ընդ որում, «հարսնացուն» դիմել էր նրա ապահովագրության վճարները ստանալու համար:

Նշվում է, որ փաստաբանները բազմիցս փորձել են հասնել մահապատժի վերանայմանը՝ նշելով, որ կինը անմեղսունակ է, սակայն դատական բոլոր ատյաններն անփոփոխ են թողել վճիռը, հաղորդում է Associated Press-ը: