ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ ավարտել է Երեւանի ճանապարհներին արագաչափերի տեղադրումը: Այս մասին կառավարության փետրվարի 6-ի նիստում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Մենք հարցը քննարկել ենք արդարադատության նախարարի հետ: Երեւանում մենք ավարտել ենք, մնացել են մարզերը», - պարզաբանել է Գասպարյանը:
Անդրադառնալով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հնչեցրած հարցին՝ Վրաստանի սահմանակետերում արագության խիստ սահմանափակումների մասին քաղաքացիների անհանգստության վերաբերյալ՝ Գասպարյանը պարզաբանել է. մեքենաների հետ սահմանն անցնում են նաեւ հետիոտները: «Ցածր արագությունն ընդունվել է քաղաքացիների անվտանգությունից ելնելով», - ընդգծել է ոստիկանապետը:
Նա նաեւ հիշեցրել է, որ դպրոցների մոտ մեքենաների արագությունը սահմանափակվում է մինչեւ 40 կմ/ժ: «Դա համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, ինչ-որ տեղ նույնիսկ նրանցից լիբերալ է», - նշել է Գասպարյանը: Նա նաեւ հավելել է, որ դպրոցից ազատ ժամերին այդ սահմանափակումները կարելի է նաեւ վերացնել: «Օրինակ՝ Բաղրամյան պողոտայում եւ Երեւանի եւս 10-11 հատվածներում սահմանափակումները կարելի է մեղմացնել երեկոյան 5-ից կամ 6-ից հետո», - ասել է Գասպարյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է քննարկել առաջարկը, այդ թվում նաեւ՝ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ:




























