Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում մերսման սրահների սեփականատերերն այսուհետ քրեական անցյալի ստուգում պետք է անցնեն ու վճարեն քաղաքի կողմից տրամադրվող վկայականի դիմաց տվյալ գործունեությամբ զբաղվելու համար: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Քաղաքային խորհուրդը հաստատել է նոր որոշումն այն մասին, որ մերսման սրահների սեփականատերերը, որոնց է պատկանում բիզնեսի նվազագույնը 5 տոկոսը եւ ովքեր մերսողական թերապիայի հարցերով քալիֆորնիական խորհրդի կողմից տրված վկայական չունեն, պետք է մերսման սրահի սեփականատիրոջ վկայական ձեռք բերեն 521 դոլարի դիմաց: Ոստիկանության բաժանմունքը նույնպես ստուգելու է սեփականատերի քրեական անցյալ, նախքան նրանք կստանան վկայականը:
Անցյալ տարի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանը հարցը դրել էր քննարկման ոստիկանության բաժանմունքում ու քաղաքային խորհրդում այն բանից հետո, երբ նկատել էր մերսման սրահների թվի արագ աճ: Նախկինում այդ հաստատություններն ընդհատակյա էին, ինչը, նրա խոսքով, մտահոգիչ է: Իսկ հունիսին Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել էր մերսող մի կնոջ, ով սրահներից մեկում սեռական հարաբերություններ էր առաջարկել կերպարանափոխված ոստիկանի:
Սինանյանի խոսքով՝ որոշումն այնպիսի գործունեության վերահսկողության համար է, որը կապված չէ մերսման օրինական ծառայությունների հետ: Քաղաքային իշխանությունները կարող են վկայական չտրամադրել նախկինում կատարած գործողությունների համար, ինչպես միջնորդությունն է, մարմնավաճառությունը, թմրավաճառությունը:




























