Սևանի Յակով Զարոբյանի անվան թիվ 2 դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Արմինե Մելքոնյանը, որին դպրոցի տնօրեն Կարինե Գեւորգյանը հրահանգել է ազատման դիմում գրել, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից իր ընտանիքի 4 անդամների համար տոմսեր է խնդրում, որ կարողանան Ռուսաստան արտագաղթել։
«Ապրում եմ վարձակալած բնակարանում, երկու փոքր երեխաներիս հետ, որոնք նայում են իմ ձեռքին: Ոչ մի օգնություն չեմ ստանում և օգնություն չեմ էլ ուզում, ես աշխատանք էի ուզում, որից ինձ ուղղակիորեն զրկեցիք։ Խնդրում եմ ինձ դեպի Ռուսաստան 4 հոգու տոմսով օգնեք. խոստանում եմ այլևս չեմ վերադառնա այս երկիր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Մելքոնյանը:
Արմինեն պատմեց, որ կրճատումների մասին խոսակցություններն արդեն երկու ամիս է պտտվում են դպրոցում, իսկ մի քանի օր առաջ դպրոցի տնօրենն իրեն կանչել է ու ասել, որ դիմում գրի. «Դեռ չեմ գրել ու ստորագրել, բայց եթե ստիպեն, ի՞նչ եմ անելու»:
Արմինեն պատմեց, որ միայն իրենց դպրոցում չէ, որ կրճատումներ են եղել։ «Մեր դպրոցից ինձ, գործավարին ու տնտեսվարին են կրճատել, բայց մարզի մյուս դպրոցներում էլ են կրճատումներ եղել: Մի քանի դպրոցներից գնացել են մարզպետի մոտ, բողոքել են, բայց ապարդյուն»,- ասաց Արմինեն՝ նշելով, որ իր տեղեկություններով` հաստիքները կրճատելու հրամանը եկել է ԿԳ նախարարությունից:
ԿԳ նախարարն արդեն պատասխանել է Արմինեի ֆեյսբուքյան բաց նամակին. հարցրել է մասնագիտությունը և ասել, որ չի կարող այդ հաստիքը վերականգնել, բայց խոստացել է «այլ հարցով անպայման օգնել»:
Արմինեն ասաց, որ եթե նախարարն իրեն չօգնի աշխատանք գտնելու հարցում, ապա ինքն անվերադարձ լքելու է երկիրը. «Ամուսինս չի աշխատում, 2 եւ 6 տարեկան երեխաներիս հոգսն իմ ուսերին է, իսկ հիմա չի պատկերացնում, թե ինչ է լինելու»:
Յակով Զարոբյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Կարինե Գևորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դպրոցում կրճատել են միայն գործավարին և տնտեսվարին. «Այս երկու հաստիքները ի սկզբանե չենք ունեցել, բայց նոր եմ ազատել աշխատանքից, տնտեսվարին էլ դռնապանի հաստիք եմ տվել»,-ասաց տնօրենը` նշելով, որ ինքը նորանշանակ է, և ելնելով իրենց դպրոցի ֆինանսական վիճակից որոշել է, որ պետք է այդ հաստիքները կրճատել` հերքելով Արմինեի հայտնած այն տեղեկությունը, որ ԿԳ նախարարի հրամանով է կրճատումներ իրականացրել: Տնօրենը պնդում է, որ ինքը Արմինեին չի ասել, որ ազատման դիմում գրի։
Ի դեպ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2014թ. պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև աՃել է 1000-ից ավելի ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին` կազմելով 41 249 դրույք, 2013-ի 40143 դրույքի փոխարեն: «Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում»,- գրել է Արմեն Աշոտյանը:


























