ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ներողություն է խնդրել ԵՄ-ի հասցեին կոպիտ արտահայտվելու համար: Ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիի` Նուլանդն անձամբ ներողություն է խնդրել ԵՄ-ի իր գործընկերներից, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Խոսքը «Fuck the EU» արտահայտության մասին է, որը պարունակվում է փետրվարի 4-ին Youtube-ում հրապարակված երկու մարդու հեռախոսազրույցում, որոնց տեսահոլովակի հեղինակները ներկայացրել էին որպես Նուլանդ եւ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետա: Լսվում է, թե ինչպես Նուլանդը Պայետային բացատրում է, որ ստացել է ՄԱԿ-ի աջակցությունը` «ԵՄ-ին դաս տալու համար»: Նուլանդի եւ Պայետայի խոսակցությունը վերաբերում էր Ուկրաինայում քաղաքական իրադրությանը:
Հեռախոսազրույցում Նուլանդն ասում է նաեւ, որ ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն չպետք է կառավարությունում լինի, ըստ նրա` այդ պաշտոնին ավելի համապատասխանում է Արսենի Յացենյուկը: Նուլանդն ամենայն հաանականությամբ ակնարկում էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկը` Յացենյուկը վարչապետ, Կլիչկոն` փոխվարչապետ:
Ըստ Պսակիի` զարմանալի ոչինչ չկա, որ ամերիկացի դիվանագետները իրար հետ քննարկում են Ուկրաինայի իրադարձությունները: Նա նշել է, որ խոսակցությունը մասնավոր է եղել: Թե ինչպես է Նուլանդի եւ Պայետայի խոսակցությունը հայտնվել Youtube-ում, Պետդեպարտամենտում չեն հայտնել, սակայն Պսակին ենթադրել է, որ ձայնագրությունները ռուսական հետախուզության ձեռքի գործն է: Նման ենթադրություն էր արել նաեւ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Նշենք, որ Վիկտորյա Նուլանդը փետրվարի 6-ին Կիեւ էր ժամանել երկօրյա այցով, որի ընթացքում պետք է հանդիպեր Յացենյուկի եւ ընդդիմության մյուս առաջնորդների ու տեղի բնակիչների հետ: Նախկինում նա արդեն եղել էր Կիեւում` 2013թ. դեկտեմբերին, եվրաինտեգրման ցույցի ժամանակ, եւ հավաքվածներին քաղցրաբլիթ էր բաժանել, հայտնում է lenta.ru-ն:




























