1.760.270 դրամ յուրացման մեջ մեղադրվող Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչ Գոհար Չիլինգարյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոհար Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ հոկտեմբերի 1-ից աշխատելով Գյումրի քաղաքի «Գոհար մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում,հանդիսանալով նյութական պատասխանատու անձ,իր պաշտոնական դիրքն օգտագործելով,շահադիտական դրդումներով,նպատակ ունենալով յուրացման եղանակով խոշոր չափերի գումար հափշտակել, 2013թ հունիս-հուլիս ամիսներին Գյումրու քաղաքապետարանից փոխանցված,ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված ընդհանուր խոշոր չափի՝ 1.760.270 դրամը չի ուղղել աշխատավարձի,այլ միջոցների, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորությունների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը,այլ օգտագործելով իր պաշտոնական դիրքը յուրացման եղանակով հափշտակել է:
Առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 14-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, անհետացել է: Հուլիսի 13-ին Գյումրիի քաղաքապետարանը ահազանգ է ստացել, որ տնօրենը ընդհանրապես չկա, նրա հետ որեւէ կապի միջոց չկա: Նրանք տեղեկություն չունեն նաեւ մանկապարտեզի վարիչի ընտանիքից, բարեկամներից:
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` մանկապարտեզի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Գյումրիի քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 501 096 դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորությունների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը: Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, մանկապարտեզի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված գումարը, ըստ նախապատրաստված նյութերի, յուրացման եղանակով հափշտակել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով : Քրեական գործի նախախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: Տնօրենը ամիսներ շարունակ գտնվել է հետախուզման մեջ, իսկ հայտնաբերվելուց հետո խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:



























