Իշխանությունները դիմում են ամեն հնարքի, որպեսզի ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների պառակտման հասնեն՝ հայտարարելով, որ տարբեր ուղղվածությամբ քաղաքական ուժերը չեն կարող միավորվել: Այս մասին խորհրդարանում փետրվարի 7-ի ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա՝ խորհրդարանական չորս ուժերը փորձում են փոխզիջման միջոցով համաձայնության հասնել, քանի որ դա միակ արդյունավետ միջոցն է: Պատգամավորը միաժամանակ նշել է, որ մտադիր չեն հրաժարվել խորհրդարանում տարվող մարտավարությունից եւ որոշված օրակարգից:
Ինչ վերաբերում է իշխանափոխության անհրաժեշտությանը, Ռուստամյանը պնդել է, որ ՀՅԴ-ն դրանից չի հրաժարվում. «Մենք ունենք մեր վերաբերմունքը իշխանափոխության հարցին, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Մշտական նախաձեռնությունները ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների կողմից, հատուկ նպատակ ունեն: Թեեւ մենք նախապես գիտենք, որ նույնիսկ ամենաանվնաս նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, շարունակում ենք դրանք ներկայացնել, քանի որ այդկերպ հասարակությունը հասկանում է, որ իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, պատրաստ չէ զիջումների, եւ միայն ելքը ստեղծված վիճակում իշխանափոխությունն է»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ հասարակությունում դեռ կան մարդիկ, որոնք վստահում են իշխանություններին, սակայն տեսնելով, որ իշխանությունն արգելափակում է մյուս բոլոր խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունները, որոնք ուղղված են ժողովրդի շահերի պաշտպանությանը, իրենք էլ երես կթեքեն իշխանություններից:
«Ռազմավարությունը, որը մենք իրականացնում ենք, նպատակ ունի ցույց տալ իշխանափոխության անխուսափելիությունը: Դա պետք է ամրապնդվի հասարակության գիտակցության մեջ:
Ժամանակ է պետք, որպեսզի իշխանափոխության համար անհրաժեշտ բողոքողների նպատակաուղղված կրիտիկական զանգված ձեւավորվի»,-ընդգծել է Ռուստամյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























