Ոչ իշխանական խորհրդարանական չորս ուժերի համախմբումը երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու միակ ելքն է: Այս մասին խորհրդարանում փետրվարի 7-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ եթե իշխանությունները չեն գիտակցում երկրի իրադրության օրհասականությունը, ապա «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն դա գիտակցում են: «Եթե խորհրդարանական չորս ուժերը շարունակեն միավորվելը, ապա իշխանափոխությունը եւ երկիրը ճգնաժամից հանելը հնարավոր կդառնան»:
Ի պատասխան հարցին, թե արդյոք խորհրդարանական նշված բոլոր քաղաքական ուժերն էլ իշխանափոխություն են ցանկանում, մասնավորապես՝ ԲՀԿ-ն, Հակոբյանը նշեց, որ մտադիր չէ մնացածների փոխարեն խոսել: «Ժառանգությունը» պատրաստ է համախմբման, եւ եթե մնացած ուժերը կողմ հանդես գան իշխանափոխությանը, ապա մենք կմիանանք»,- ամփոփել է նա:




























