Մինչեւ փետրվարի 12-ը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա օրական 1-2 աստիճանով: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը (ֆոտոռեպորտաժ):

«Փետրվարի 5-ից օդային հոսանքները փոխել են իրենց ուղղությունը, հարավից մեր տարածք են թափանցել տաք հոսանքներ, որի շնորհիվ ցերեկը դիտվում է մինչեւ 4-5 աստիճան տաքություն»,- ասաց նա:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ փետրվարի 5-ից  ջերմաստիճանը բարձրացել է 5-7 ջերմաստիճանով. «Սակայն Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանն արագ չի բարձրանում, քանի որ արդեն լճացած են ցուրտ հոսանքներ»:

Անդրադառնալով հունվարի ցրտին` օդերեւութաբանը նշեց, որ հունվարին ցուրտ էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում. «Հանրապետությունում հունվարին նկատվեցին աննորմալ երեւույթներ: Այն օրերին երբ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին բացասական էր, Լոռիում, Սյունիքում եւ Տավուշում օդի ջերմաստիճանը բարձր էր,  մինչեւ 16 աստիճան տաքություն»:

Նրա խոսքով՝ հաջորդ ցուրտ օդի ալիքը սկսվել է փետրվարի 1-ից, երբ Արեւմտյան Սիբիրից հանրապետության տարածք ներթափանցեցին արկտիկական ցուրտ հոսանքներ. «Փետրվարի 1-4 ընկած ժամանակահատվածում եղանակը հանրապետությում ցրտեց 10-15 աստիճանով: Ամենացուրտը Աշոցքում էր, -39, իսկ մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտավայրում՝ մինչեւ -14»:

Լրագրողների հարցին` թե ինչ եղանակ է կանխատեսվում գարնանն ու ամռանը` օդերեւութաբանն ասաց. «Դեռ կանխատեսումներ չկան»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am