Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ փետրվարի 7-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, եւ կարեւորել ԵԽ-ի հետ համագործակցությունը:

Նա նշել է, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների եւ Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների` Երեւանում կայացած տարածաշրջանային համաժողովի կապակցությամբ` ընդգծելով, որ համաժողովը շատ օգտակար է եղել, մասնավորապես, նախարարների միջեւ կապերի ամրապնդման եւ փորձի փոխանակման տեսանկունից:

ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության եւ  համատեղ ջանքերի արդյունքում` կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Վերջինս հատուկ ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահությունն անցել է շատ արդյունավետ եւ հաջող, այդ թվում նաեւ կրթության ոլորտում: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:  Մասնավորապես, շեշտադրվել են բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հակակոռուպցիոն ծրագրի, ինչպես նաեւ հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին եւ երեխաների իրավունքների պաշպանությանն ուղղված ծրագրերը: 

Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ոչ մի երկրի, այդ թվում նաեւ ԵՄ անդամ, ամբողջությամբ չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նախարարի, պահանջում է երկար եւ հետեւողական պայքար, ինչպես նաեւ, առաջին հերթին, մտածողության փոփոխություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կրթական եւ հասարակական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: