ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բացակայությունը համարվել է հարգելի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Նա նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը. իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ հարգելի է համարում Ազգային ժողովի նախագահը: Նույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետի համաձայն ՀՀ Աժ պատգամավորը կարող է բացակայելուց առաջ իր բացակայության պատճառի մասին պաշտոնապես տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: «Հիմք ընդունելով ներկայացված հանգամանքները՝ պատգամավորի բացակայությունները համարվել է հարգելի»,-ասաց Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, գրությամբ դիմելով ՀՀ ԱԺ նախագահին հայտնել է, որ 2014թ. հունվարի 10-ից մինչեւ հունիսի 24-ը ուսանելու է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում եւ խնդրել է այդ ժամանակահատվածում իր բացակայությունը քվեարկություններից համարել հարգելի:




























