Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգ չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսում նշել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշել է, որ պատերազմ սկսելու համար, այն նախաձեռնող կողմը պետք է գոնե 80 տոկոսով վստահ լինի, որ հաղթելու է: Բայց ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում այն կտեւի մոտ մեկ շաբաթ: «Մեկ շաբաթում Ադրբեջանը պետք է ճեղքի ռազմական պաշտպանությունը, հասցնի արտաքսել հայերին եւ հասնել Հայաստանի սահմաններին: Բայց դա ռազմական տեսանկյունից անհնար է»,-հավելել է նա:

Իսկանդարյանի խոսքով՝ ճգնաժամ է առաջացել սահմանային միջադեպերի պատճառով, որոնք հաճախակիացել են մի քանի անգամ: Քաղաքագետը նշել է, որ դա պայմանավորված է տարածաշրջան որոշ այցելություններով:

«Սահմանին միջադեպերը պատճառ ունեն, դրանք պատահականություններ չեն: Այնպես չէ, որ սերժանտ Մամեդովը որոշեց կրակել շարքային Հովհաննիսյանի վրա: Հրամանը տրվում է Բաքվից, իսկ մոտիվացիան քաղաքական է»,-ընդգծել է Իսկանդարյանը:
Նրա համոզմամբ՝ Ղարաբաղի հետ ոչինչ էլ տեղի չի ունենա, եւ որեւէ փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում չի լինի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կփորձեն չմեռցնել բանակցային գործընթացը, քանի որ այդ գործընթացի նպատակը անվտանգության պահպանումն է»,-ասել է նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրը ոչ թե ճշմարտությունն ասելն է, կամ կողմերից մեկին պատժելը, այլ բանակցային գործընթացը պահպանելը:

«Նրանք մեր փոխարեն հարցը չեն լուծելու: Հարցը մենք ենք լուծելու, բայց ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չի ցանկանում լուծել խնդիրը»,-ամփոփել է քաղաքագետը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am